Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմն այսօր Անկարայում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանին մեղադրել է միջազգային ավիացիոն նորմերը խախտելու համար։
Յըլդըրըմը կամայականություն է որակել թուրքական ավիաընկերությունների անձնակազմերի անդամների համար վիզայի անհրաժեշտության շուրջ ստեղծված իրավիճակը։ Նախօրեին թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունը հայտարարել էր մինչև հունվարի 13-ը Ռուսաստան չվերթերի դադարեցման մասին, քանի որ օդանավերի անձնակազմերը չունեն մուտքի վիզա։ Դրանից հետո մինչև հունվարի 14-ն իր չվերթերը դադարեցրել է թուրքական Onur Air ավիաընկերությունը։
Թուրքական Turkish Airlines պետական ավիաընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ ավիաընկերությունն անձնակազմի համար ստացել է վիզաներ և փոփոխություններ չի անում դեպի Ռուսաստան չվերթերի գրաֆիկում։ Ռուսաստանը 2016 թվականի հունվարի 1-ից վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների հանդեպ։









































