Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում (27.04.2011), ինչպես հաճախ, դիմում է իրենց համար միակ հասանելի մնացած ստախոսության ժանրին։ Նկատի ունենք, մասնավորապես, նրա հետեւյալ միտքը. «Ռ.Քոչարյանի իշխանության գալով ամբողջական իշխանափոխություն տեղի չունեցավ։ 1998-ին Քոչարյանը պետք է լուծարեր խորհրդարանը, նոր ընտրություններ անցկացներ։ Իրականում 1998-ից մինչեւ 99թ.-ի խորհրդարանական ընտրությունները բուն ՀՀՇ-ական տարրը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հովանավորության ներքո էր եկել խորհրդարան, կերպարանափոխվեց հանկարծ, դարձավ պրոռոբերտական, դարձավ հանրապետական եւ պահեց իշխանությունը իր ձեռքում»։ Իրականում՝
1. 1998թ. փետրվարին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ միասին մի քանի տասնյակ կարեւորագույն պետական պաշտոններից հրաժարական տվեց նրա, ըստ էության, ամբողջ քաղաքական թիմը՝ չնայած շատերին խնդրում էին շարունակել պաշտոնավարել։
2. Այն ժամանակ խորհրդարանական «Հանրապետություն»բլոկի մեջ ընդգրկված Հայոց համազգային շարժման անդամ պատգամավորները (մոտ 45 հոգի) մնացին խմբակցության մեջ եւ մինչեւ վերջ գործեցին որպես խորհրդարանական ընդդիմություն։
3. Առաջին նախագահի հրաժարականից եւ Ռ.Քոչարանի ապօրինի ընտրությունից հետո Դաշնակցության ամենօրյա «իշխանափոխությունը դեռ չի ավարտվել» լոզունգը շարունակեց հնչել նաեւ 1999թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ՀՀՇ անդամ միայն մեկ պատգամավոր կար խորհրդարանում։ Այդ լոզունգը դադարեց հնչել միայն «նախկին» եւ ներկա դաշնակցականներից կազմված ահաբեկիչների կողմից հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործությունից եւ մի քանի ամիս անց վարչապետ Արամ Սարգսյանի հրաժարականից հետո։
Անհեռանկար զբաղմունք է ստին ու կեղծիքին ապավինելը։
ՀՀՇ վարչության անունից՝ գործադիր քարտուղար Վ.ՀԱՅՈՑՅԱՆ









































