Քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ, փորձագետ Արծրուն Պեպանյանն իր պատերազմի կոչն ուղղել է ողջ քաղաքական դաշտին և ամենաքիչը Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրա ղեկավարած կուսակցությանը: Այս մասին փորձագետ Արծրուն Պեպանյանն ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ խոսելով օրեր առաջ հայտարարած իր պատերազմի մասին:
Քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահն ասաց, որ իր կոչի առիթը հիմնականում մայրաքաղաքային ընտրություններից առաջ առանցքային կուսակցությունների ղեկավարների՝ Երևանը գրավելու ուտոպիստական հայտարարություններն էին: Նա պարզաբանեց, թե ինչու է իր կոչն ամենաքիչը ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա ղեկավարած կուսակցությանը:
Ըստ նրա՝ «Նոր Հայաստանի» վերաբերյալ որոշումներով Րաֆֆի Հովհաննիսյանը վերջապես դուրս եկավ իռացիոնալ տիրույթից ու սկսեց լուրջ գործերով զբաղվել: Արծրուն Պեպանյանն ասաց, որ իր կոչի հատվածը՝ «եթե կարդար իրենից առաջ ապրածներին ու վերլուծեր իրենից առաջ պարտվածներին, ապա չէր մասնակցի նախագահական ընտրություններին, մարդկանց չէր հուսադրի և ապա հուսալքության պատճառ չէր դառնա, այլ կմտածեր, թե ինչ է հարկավոր և հնարավոր անել ներկա կացությունում իրավիճակը փոխելու ուղղությամբ», ևս վերաբերում է ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանին, այլև
Երևանը գրավել հայտարարածներին:
Գնահատելով ներկայումս ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի քայլերը՝ նա ասաց, որ շարժում ղեկավարելիս Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է քններ Վազգեն Մանուկյանի ձեռնարկած շարժման պատմությունը, ուստի, եթե նոր բան չպետք է աներ, ապա իմաստ չուներ քաղաքականություն վերադառնալ:
«Այս նախագահական ընտրություններին նրա չմասնակցելը վկայում է, որ նա որոշ հետևություններ արել էր: Բայց և մնում է անհասկանալի Երևանը գրավելու վերաբերյալ անիրականանալի հայտարարությունը: Լևոն Տեր-Պետրոսյանը, կարծում եմ, գիտակցում է, թե ինչպիսի մեթոդներ է հարկավոր կիրառել արմատական փոփոխությունների հասնելու համար, բայց դրանք անհարիր են իր քաղաքական հայացքներին»,- մեկնաբանեց նա:
Ի՞նչ ասել է պատերազմ հայտարարել՝ հարցին վերլուծաբան Պեպանյանը պատասխանեց. «Նախորդ շարժումների ժամանակ քաղաքական վերլուծություններ չէի ներկայացնում՝ մտածելով, թե խոսքերս կողմերից մեկնումեկը կքաղաքականացնի ու կօգտագործի իր շահերին: Այս անգամ որոշեցի խախտել կարգը և դեռ ընտրարշավի ժամանակ սկսեցի հիմնավորել, որ ընտրություններով իշխանություն փոխել ծրագրած մարդիկ հեռու են մեր իրականությունից: Էլ ավելի ակտիվ էի փետրվարի 18-ից հետո, քանի որ անթույլատրելի եմ համարում թերմտածված շարժումներով մարդկանց հուսալքության տանելը:
Իմ հայտարարած պատերազմի առաջին փուլը ենթադրում է հետևյալ գործողությունը՝ մտածելու ունակությունը չկորցրած ազգակիցներիս հանգամանորեն հիմնավորել, ապացուցել, որ մեր քաղաքական կուսակցությունները ի զորու չեն էականորեն փոխել մեր իրականությունը, և պետք չէ նրանցից և ոչ մեկի հետ հույս կապել, իսկ հետո հիասթափվել: Երկրորդ փուլի մասին՝ ավելի ուշ»:









































