Միայն Ծառուկյանն է իշխանությունների համար իրական վտանգ ներկայացնում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշեց, որ իր համար անհասկանալի են ընդդիմության և այլընտրանքի մասին խոսակցությունները, քանի որ իր համար գոյություն ունի իշխանություն և ընդդիմություն, կամ ուժ, որն իշխանական կոալիցիայի մաս չի կազմում, ուստի ԲՀԿ-ն ընդդիմություն է:
Ըստ նրա՝ քաղաքական դաշտում ռեալ քաղաքական մրցակցություններ տեղի են ունենում մի քանի թևերում:
«Իշխանությունների համար ռեալ վտանգ ներկայացնում է ոչ թե ՀԱԿ-ը, այլ Ծառուկյանը: Մրցակցությունը ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև է: Մրցակցություն կա նաև ՀԱԿ-ի և Րաֆֆու միջև: ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև առկա է լուրջ հետաքրքրությունների, լուրջ ռեսուրսների, իշխանական լծակների մրցակցություն. Հանրապետականը մրցակցում է ԲՀԿ-ի հետ»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Բանախոսի խոսքով՝ ամենահետաքրքիրն այն է, թե ինչպիսի քաղաքական դասավորություն կլինի ընտրություններից հետո՝ սեպտեմբերին: Բանախոսը չբացառեց, որ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև այսօր առկա համագործակցությունը հետագայում վերածվի լուրջ քաղաքական բլոկի:







































