Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում սպանվել է երկրի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության գործով պետական մեղադրող Չոդրի Զուլֆիքար Ալին, հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը:
Անհայտ անձինք կրակ են բացել Զուլֆիքար Ալիի մեքենայի վրա, ինչի հետևանքով նա մահացու վերքեր է ստացել: Չի հաղորդվում՝ պատահարի հետևանքով այլ տուժածներ կան, թե ոչ:
Ուրբաթ օրը դատախազը պետք է մասնակցեր 2007 թ. Բհուտոյի սպանության գործով դատական նիստին: Այս գործի մեղադրյալներից մեկն էլ Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆն է: Նա մեղադրվում է, որ բավականաչափ ջանքեր չի գործադրել քաղաքական գործչի անվտանգությունն ապահովելու համար:
Բհուտոն, ով ղեկավարել է Պակիստանի ընդդիմադիր ժողովրդական կուսակցությունը, սպանվել է 2007 թ. դեկտեմբերին՝ ցույցի ժամանակ: Մահապարտը սկզբում կրակել է նրա վրա, այնուհետև պայթեցրել է իրեն:









































