Երևանի ավագանու ընտրությունների «Բարև Երևան» դաշինքի նախընտրական քարոզարշավն անցել է բազմաթիվ խոչընդոտներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը. «Բազմաթիվ խոչընդոտներ են եղել՝ «իմ սարն է, իմ թաղն է» վերնագրերով։ Արդեն այնքան են ամենաթողության պայմաններում գործում, որ հեռախոսի համարն են թողնում՝ ասելով. «թող մեզ զանգեն՝ նոր գան քարոզարշավ անեն»: Երբ հանրապետական ներկայացուցիչներն են այդպես վարվում ,ապա ոստիկանությունը պետք է լռի. նույնիսկ երբ մի անգամ ոստիկանը փորձել է թաղային այդ մարդկնաց կարգի հրավիրել, մեր ներկայացուցիչն անձամբ է լսել, թե ինչպես են ասում այդ թաղային հեղինակությունները. «Պետք չի, երբ որ կասեմ՝ այդ ժամանակ էլ կմիջամտես: Նաև մեր պաստառներն են պատռել՝ գումարած դրան հարյուր երեսուն միջնակարգ դպրոցում Տարոն Մարգարյանի պաստառներն են կպցրել: Սա մեկ անգամ ևս խոսում է, որ ազատ արդար ընտրությունները երազանք են: Օգտագործվում է նաև ադմինիստրատիվ ռեսուրսը՝ դպրոցի մանկապարտեզի աշխատակիցները ուղղորդված աշխատում են»,- ասաց նա՝ հավելելով որ «Բարև Երևան» դաշինքի հասցեին «սև»PR-ը շարունակվում է կիրառվել, քաղաքական ուժերից ոմանք՝ իշխանությունները, ընտրակաշառք են բաժանում լայնամասշտաբ. «Հույս ունեմ, որ մեր քաղաքացիներն, այնուամենայնիվ, ճիշտ կգնահատեն իրավիճակը»:
Իր հերթին «Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված Դավիթ Սանասարյանը նշեց, որ բազմաթիվ ահազանգեր են ստանում այն մասին, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն ընտրակաշառք են բաժանում՝ սկսած տասը հազար դրամից: Նա նաև հավելեց, որ բացի նրանից, որ շատերի համար զարմանալի է Տարոն Մարգարյանի ունեցվածքը, նույնքան զարմանալի պետք է լինի նաև ՕԵԿ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































