Ընդհանուր առմամբ 2015թ. վատ տարի չէր մեր երկրի, մեր պետության կյանքում. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Նրա դիտարկմամբ՝ 2015-ի կարևոր իրադարձություններից էին Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ միջոցառումները. «Մի քանի տասնյակ երկրների ներկայացուցիչներ եկան Հայաստան և իրենց խոնարհումն ու վերաբերմունքն արտահայտեցին հայ ժողովրդի հանդեպ»:
«Մեկ բան մնաց նույնը, գուցե ավելի դժվարացավ, դա Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացն է: Այլևս մենք չունենք հրադադար, մենք ունենք պատերազմական իրավիճակ, և սա պիտի յուրաքանչյուրիս սթափեցնի: Առաջիկայում մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է այդ խնդրի լուծումը»,- նշեց Մարգարիտ Եսայանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավորն անդրադարձավ նաև ներքաղաքական կյանքին. «Ավելի ինստիտուցիոնալ և ավելի գրագետ ընդդիմություն չունեցանք, որն անհրաժեշտ է մեր հանրությանը»:
Մարգարիտ Եսայանը հույս հայտնեց, որ 2016-ն ամփոփելիս ավելի մեծ ձեռքբերումներից կխոսենք:
Մանրամասները՝ տեսանյութում:








































