Այսօր ՀՀ ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցություն տեղի ունեցավ՝ նվիրված մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Խորհրդակցությունը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Նրա գլխավորությամբ քննարկվեցին Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգուկանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ ոստիկանության կատարած աշխատանքներն ու անելիքները:
Անդրադառնալով ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին` Հունան Պողոսյանը խորհրդակցության մասնակիցներին փոխանցեց ոստիկանության պետի պահանջը` ընտրությունների ընթացքում օպերատիվ իրավիճակի վերահսկելիության, կարգուկանոնի պահպանման պատասխանատուները կրելու են անձնական պատասխանատվություն, ոստիկանության գործունեության գլխավոր սկզբունքը լինելու է հետևյալը` աշխատել առանց բացառության բոլոր ուղղություններով, հայտնաբերել ցանկացած իրավախախտում, քննարկման առարկա դարձնել ցանկացած ահազանգ, իսկ թյուրիմացություններն ու տարակարծությունները բացառելու նպատակով ամբողջ տեղեկատվությունը օպերատիվ կերպով հասցնել հասարակությանը:
Ոստիկանապետի առաջին տեղակալն անդրադարձավ նաև ուղեցույցներին` նշելով, որ դրանք ինքնանպատակ չեն ստեղծվել, դրանցով պետք է առաջնորդվել պրակտիկ գործունեության ընթացքում: Խոսելով իրենց օրենքից վեր դասողներից, ովքեր կփորձեն խոչընդոտել ընտրությունների բնականոն աշխատանքը, կփորձեն ստվեր գցել ընտրությունների վրա` Հունան Պողոսյանն ասաց. «Կան մարդիկ, որ երևի թե մտածում են, որ իրենք հատուկ ուշադրության են արժանի: Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանումների պետեր, հիմնականում ցուցումը ձեզ է վերաբերում. եթե նրանք այդպես են կարծում, ուրեմն իրենց արժանացրեք այդ հատուկ ուշադրությանը` օրենքով սահմանված կարգով, բոլոր թույլատրելի մեթոդներով: Յուրաքանչյուր ոք, ով կփորձի շրջանցել օրենքը, զբաղվել հանցավոր ինքնագործունեությամբ, կտրուկ արձագանքի պետք է արժանանա»:
Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:










































