Վաշինգտոնը Գուանտանամոն փակելու համար կարող է հատուկ ներկայացուցիչ նշանակել: Նրա խնդիրը կլինի բանտից կալանավորներին հայրենիք կամ երրորդ երկիր արտաքսելը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Այդ պաշտոնի համար առավել հավանական թեկնածու կարող է դառնալ բարձրաստիճան ամերիկացի դիվանագետներից որևէ մեկը:
«Ներկայում մենք քննարկում ենք Պետդեպում բարձրաստիճան որևէ մեկին նշանակելու հնարավորությունը, որպեսզի նա զբաղվի այն բանտարկյալների հայրենադարձման կամ տեղափոխման հարցերով, որոնց մենք թույլ ենք տվել լքել բանտը»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին մամլո ասուլիսի ժամանակ:
Քարնիի խոսքով՝ Գուանտանամոյի բանտի փակման հետ կապված ճգնաժամի մեղավորը Կոնգրեսն է, որը չի տրամադրում բավարար միջոցներ, ինչն էլ թույլ չի տալիս բանտարկյալներին տեղափոխել ԱՄՆ-ի սահմաններից դուրս գտնվող բանտեր:
«Մենք պետք է աշխատենք Կոնգրեսի հետ համատեղ և համոզենք Կոնգրեսի անդամներին, որ Գուանտանամոյի բանտը փակելը բխում է մեր ազգային անվտանգության և նույնիսկ բյուջեի շահերից»,- ասել է Քարնին:
Կուբայում գտնվող ամերիկյան ռազմաբազայի տարածքում տեղակայված բանտը բացվել է 2002 թվականին: Ներկայում այնտեղ պահվում է 166 մարդ:







































