ԱՄՆ-ը մտադիր չէ ցամաքային ռազմական գործողությունների մեջ ներքաշվել Սիրիայում և այժմ ժամանակ է ձգում՝ որոշելու համար, թե ինչ միջոցներ պետք է կիրառել Ալ-Ասադի հանդեպ, որը քիմիական զենք է կիրառել ապստամբների դեմ: Այս մասին Corriere della Sera թերթում գրում է Մասիմո Գաջին:
Հոդվածագրի խոսքով՝ Օբաման մամուլին հայտարարել է այն, ինչ վերլուծաբաններն արդեն ենթադրում էին. ԱՄՆ-ը մտադիր չէ ցամաքային գործողության մեջ ներքաշվել և այժմ ժամանակ է ձգում, քանի դեռ ապացույցներ չկան, որ Ալ-Ասադը քիմիական զենք է կիրառել ապստամբների դեմ, իսկ Դամասկոսի պատասխանատվությունը 100%-ով ապացուցված չէ:
«Եթե ցամաքային գործողության տարբերակը կիրառելի չէ, ապա մնում է թռիչքների համար արգելված գոտի ստեղծելու տարբերակը և ապստամբներին զինելը: Սակայն այստեղ ևս առկա են բարդություններ: Դամասկոսի ՀՀՊ համակարգերը մտավախություն են առաջացնում»,- նշում է հոդվածագիրը և հավելում, որ ՀՀՊ համակարգը, որը ստեղծվել է Մոսկվայի օգնությամբ, ամենայն հավանականությամբ, սպասարկվում է ռուս մասնագետների կողմից, որոնք կարող են զոհվել օդային հարվածների ժամանակ:
Օբաման կցանկանար խուսափել իրադարձությունների նման զարգացումից, մանավանդ հիմա, երբ նա ունի Մոսկվայի աջակցության կարիքը չեչեն ահաբեկիչների գործի հետաքննության շրջանակներում, որոնք գործում են ԱՄՆ-ի տարածքում՝ ասվում է հոդվածում:
«Զինե՞լ ապստամբներին: Ինչպես փորձը ցույց է տալիս, զինված խմբավորումների շրջանում, որոնք կռվում են Ալ-Ասադի դեմ, գերակշռում են ջիհադիստները, որոնք մոտ են «Ալ-Քաիդա»-ին»,-գրում է Գաջին:
Օբաման ստիպված է առաջ շարժվել շատ նեղ ճանապարհով, նա իր կյանքն ավելի բարդացրեց այն ժամանակ, երբ Ալ-Ասադին զգուշացրեց, որ հնարավոր չէ հատել «կարմիր գիծը»՝ քիմիական զենքի կիրառումը: Եվ այժմ եթե Վաշինգտոնը պատշաճ ձևով չարձագանքի, նա վտանգում է սխալ ազդանշան ուղարկել Իրանին և Հյուսիսային Կորեային՝ եզրափակում է հոդվածագիրը:









































