«Նման հանդիպումները ներկայումս ուղղված են նրան, որպեսզի ընդհանուր կետերի շուրջ, որոնք քիչ թե շատ համաձայնեցվել են, արագացվի բանակցային գործընթացը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Երևանի պետական համալսարանի քաղաքականության և մշակութային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Դավիթ Հովհաննիսյանը՝ խոսելով ԱՄՆ փոխպետքարտուղարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման մասին:
Հիշեցնենք, որ երեկվա հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդների իրականացրած և առաջիկա քայլերը:
Ըստ Դ. Հովհաննիսյանի, միջազգային հանրությունը, հաշվի առնելով այն ծանր վիճակը, որը տեսնում ենք ոչ միայն արաբական երկրներում, այլ նաև մեր տարածաշրջանում, կազմակերպում են նման հանդիպումներ, որպեսզի իրավիճակն ավելի հանդարտ հունով ընթանա:
«Բնականաբար, ԼՂ շուրջ բանակցությունները հաջողությամբ կարող են պսակվել միայն այն դեպքում, եթե կա ընդհանուր մոտեցում, ընդհանուր կոնսենսուս, և այդ հանդիպումներն ուղղված են այդ կոնսենսուսի ձևավորմանը: Բայց, կարծում եմ, ներկայումս այդ կոնսենսուսի մասին խոսելը դեռևս վաղ է»,- նկատեց քաղաքական վերլուծաբանը:









































