Չնայած Թուրքմենստանի հատուկ ծառայությունների ջանքերին՝ համացանցում հայտնվել է երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի՝ ձիուց ընկնելու տեսանյութը: Դեպքը պատահել է ձիարշավի ժամանակ:
EurasiaNet.org-ի տրամադրության տակ հայտնված տեսագրության մեջ երևում է, թե ինչպես ամբողջ ժամանակ առաջատարի դիրքերում գտնվող նախագահի ձին մեկ կիլոմետրանոց տարածությունը հաղթահարելուց հետո սայթաքել է: Դրանից հետո Բերդիմուհամեդովը երեսնիվայր ընկել է, շրջվել է մեջքի վրա և անշարժ պառկել: Մնացած ձիերը գրեթե կոխկրտել են նրան:
Նախարարները և անվտանգության աշխատակիցները վազել են դեպի նախագահը: Ուշաթափ նախագահին հիվանդանոց են տեղափոխել:
Գրեթե մեկ ժամ անց նախագահը կրկին հայտնվել է հանրության առջև, նա դժվարությամբ է շարժվել: Պաշտոնական ԶԼՄ-ներն այս այս դեպքի մասին ոչ մի տեղեկատվություն չեն ստացել: Պարզվում է, որ անվտանգության աշխատակիցները ստիպել են հավաքվածներին իրենց ձեռքի տակ գտնվող բոլոր տեսագրող սարքերից ջնջել երկրի առաջնորդի ընկնելու պահը:
Ինչպես գրում է «Գունդոգարը», Ազգային անվտանգության աշխատակիցներն օդանավակայաններում միջոցառումներ են անցկացրել, նրանք մարդկանց ձեռքից խլել են տեսագրող սարքավորումները, որոնց մեջ կարող են պահպանվել դեպքի տեսագրությունը կամ լուսանկարները:
«Արգելված նյութերը» «արտասահման հանելու» կասկածանքով արդեն մի քանի տասնյակ մարդիկ են ձերբակալվել:









































