Ապրիլի 28-ին ԱՄն նախագահ Բարաք Օբաման հայտարարություն է արել, որով ներկայացրել է Պենտագոնի և ԿՀՎ նոր ղեկավարներին: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: ԱՄն պաշտպանական գերատեսչությունը կղեկավար Կենտրոնական հետախուզական վարչության ներկայիս ղեկավար Լեոն Պանետտան, իսկ նրա տեղը կզբաղեցնի Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար Դևիդ Պետրեուսը:
Սակայն նորանշանակ ղեկավարներն իրենց պարտականություններին կանցնեն ոչ շուտ, քան ամռանը: Պանետտան գործող պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին կփոխարինի օգոստոսին, իսկ Պետրեուսը ԿՀՎ ղեկավարի պաշտոնը կստանձնի միայն աշնանը, քանի որ նա պետք է կարգավորի Աֆղանստանում ամերիկյան զորամիավորման քանակի կրճատման գործընթացը:
Օբաման նշանակել է նաև նոր դեսպան Աֆղանստանում: Դա Ռայան Քրոքերն է, որը ժամանակին դեսպանի պաշտոն է զբաղեցրել Իրաքում, Պակիստանում, Սիրիայում, Քուվեյթում և Լիբանանում:
Մենք արդեն տեղեկացրել էինք այս թեկնածությունների մասին, որոնք մի քանի ամիս շարունակ շրջանառվում էին ամերիկյան մամուլում:











































