ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկուշաբթի Վաշինգտոնում կհանդիպի Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչների հետ՝ մերձավորարևելյան կարգավորումը քննարկելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Պետդեպի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Մենք ողջունում ենք Մերձավոր Արևելքում ամուր ու տևական խաղաղության ձեռք բերման գործում կառուցողական դեր խաղալու ԱՊԼ-ի ցանկությունը»,- ասել է Վենտրելը: Նրա խոսքով՝ Քերին կլսի ԱՊԼ ներկայացուցիչների առաջարկներն ու կարծիքները, սակայն չի ծրագրում անձամբ որևէ նախաձեռնությամբ հանդես գալ:
Պետդեպի ներկայացուցիչը չի հրապարակել հանդիպման մասնակիցների ողջ ցուցակը, սակայն հաստատել է, որ հանդիպմանը ներկա կլինի Արաբական խաղաղ նախաձեռնության ղեկավար, Կատարի վարչապետ շեյխ Համադ բին Ջաբեր Ալ Թանին:











































