Այսօր Կոսովոյի դատարանը երկարատև ազատազրկման է դատապարտել «Մեդիկուս» կլինիկայի սեփականատերերին՝ դոնորական օրգանների անօրինական փոխպատվաստումներ կատարելու համար:
«Մեդիկուսի» սեփականատեր Լյութֆի Դևրիշին և նրա որդի Արբանը համապատասխանաբար՝ 8 և 7 տարվա ազատազրկման են դատապարտվել, գլխավոր անեստեզիոլոգ Ցոկոլ Հայդինին՝ 3 տարվա ազատազրկման, երկու այլ աշխատակիցներ էլ՝ մեկ տարվա պայմանական ազատազրկման։ Երկուսն էլ արդարացվել և դատարանի դահլիճից ազատ են արձակվել: Դրանից բացի, Դևրիշիի որդին պարտավորվել է տուժածներին փոխհատուցում վճարել:
Դատարանը հաշվի չի առել պաշտպանների առարկություններն այն մասին, թե կլինիկայի աշխատակիցները տեղյակ չեն եղել, որ վիրահատություններն անօրինական են:
Ընդհանուր առմամբ՝ դատապարտվել են վեց ալբանացիներ և երկու արտասահմանցիներ:
Մեղադրող կողմի տվյալների համաձայն՝ «Մեդիկուսն» օրգանների փոխպատվաստման 30 անօրինական վիրահատություններ է կատարել: Դոնորները հիմնականում ֆինանսապես անապահով մարդիկ են եղել, որոնց խոստացել են 15 հազար եվրո վճարել, սակայն այդ մարդիկ այդպես էլ այդ գումարները չեն ստացել:









































