Երկուշաբթի Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Փարիզը չունի Սիրիայում քիմիական զենքի կիրառման ապացույցներ, ինչի մասին նախորդ շաբաթ հայտարարել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները: Ֆրանսիայի արտգործնախարարը նման հայտարարությամբ հանդես է եկել Europe 1 ռադիոկայանի եթերում:
«Մենք վստահ չենք: Կան տվյալներ, որոնք ներկայացրել են անգլիացիները և ամերիկացիները. այժմ մենք ստուգում ենք դրանք»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի Սպիտակ տունը և Պենտագոնը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը, հայտարարել էին, որ տվյալներ ունեն Սիրիայում իշխանությունների կողմից քիմիական զենքի հավանական կիրառման մասին: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի իշխանությունները նշել են, որ քիմիական զենքի կիրառման մասին կարելի է խոսել միայն «որոշակի չափով վստահությամբ»: Կառավարությունը չի բացառել, որ Սիրիայի իշխանություններն օգտագործել են զարին գազ, և հստակեցրել է, որ անհրաժեշտ է տեղեկատվություն՝ ավելի «հուսալի աղբյուրներից»:












































