ԿՀՎ-ն ավելի քան 10 տարի միլիոնավոր դոլարներ է փոխանցել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային՝ գրում է New York Times-ը:
«Ավելի քան 10 տարվա ընթացքում ամեն ամիս ճամպրուկներում դրված ամերիկյան դոլարների փաթեթները, ուսապարկերը կամ պլաստիկ տոպրակները ԿՀՎ-ի կողմից ուղարկվում են ուղիղ Աֆղանստանի նախագահի գրասենյակ: Արդյունքում Համիդ Քարզայն արդեն մի քանի տասնյակ միլիոն դոլար կանխիկ գումար է ստացել»,- գրում է պարբերականը՝ հղում անելով Աֆղանստանի նախագահի ամենամոտ շրջապատի նախկին և գործող ներկայացուցիչներին:
Խալիլ Ռոմանը, որը Քարզայի վարչակազմը գլխավորել է 2002-2005 թվականներին, թերթին պատմել է, որ այդ գումարներն իրենք անվանել են տեսիլք-փողեր, քանի որ դրանց հայտնվելը միշտ գաղտնի է եղել:
New York Times-ը նշում է, որ այդպիսով ԿՀՎ-ն գնում է աֆղան առաջնորդի ու նրա մոտ շրջապատի դիրքը, իսկ նրանք էլ իրենց հերթին կարող են պայմանավորվել դաշտային հրամանատարների հետ:
«Աֆղանստանում կոռուպցիայի ամենամեծ աղբյուրը գտնվում է ԱՄՆ-ում»,- մեջբերում է թերթը անանուն ամերիկացի պաշտոնյայի խոսքերը:
Ինչպես գրում է թերթը, ԿՀՎ-ն այդպես է վարվել ամերիկյան զորքերի՝ Աֆղանստան ներխուժման հենց սկզբից՝ 2001 թվականից:









































