Բանգլադեշում կարի ֆաբրիկայի փլուզման վայրում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է մի կին, 4 հրշեջներ այրվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հրդեհը բռնկվել է փրկարարական աշխատանքների ժամանակ առաջացած կայծից: Փրկարարները փորձել են հասնել փլատակների տակ գտնվող կնոջը՝ հատուկ գործիքով կտրելով պողպատե ձողերը:
Անցած շաբաթ մայրաքաղաք Դաքքայի արվարձանում կարի ֆաբրիկաների համալիրի փլուզման հետևանքով զոհվել է 370 մարդ: Փլատակների տակ դեռևս կարող են լինել հարյուրավոր մարդիկ: Միջադեպի պահին 8 հարկանի շենքում առնվազն 3000 մարդ է գտնվել:
Շինության սեփականատերը ձերբակալվել է: Նա փորձել է հատել Հնդկաստանի հետ սահմանը: Մուհամմադ Սոհել Ռանային արդեն ուղղաթիռով տեղափոխել են Դաքքա:
Հարավասիական պետության իրավապահ մարմինները ձերբակալել են ևս 6 մարդու:
Դեպքի վայրում որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:





































