«Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր, Երևանի ավագանու «Բարև, Երևան» դաշինքի 12-րդ հորիզոնականը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վերջին շաբաթների գործունեությանը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր դրական քայլ, անկախ նրանից, թե դա ով է անում և երբ է անում, դրական արձագանք պետք է ստանա:
«Այլ հարց է՝ արդյոք գործընթացը կշարունակվի՞, ավելի ու ավելի ականատես կլինե՞նք դրական քայլերի: Ոստիկանապետի այսօրվա գործունեությունը դրական եմ գնահատում, հուսանք, որ սա հատվածային բնույթի չի կրի»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ նշելով, թե չի կարծում, որ այս քայլերի նպատակը իմիտացիա անելն է: Ոստիկանապետի քայլերի շուրջ աղմուկն էլ դրական փոփոխությունների շուրջ աղմուկ է, անգամ եթե այն իմիտացիա է, քաղաքական պատվեր, բայց դրական քայլ է արվում, և եթե քննադատում ենք, պետք է նաև դրական քայլերն ասենք:
Խոսակցություններին՝ այս քայլերը հնարավո՞ր է ոստիկանապետության տանեն, քանի որ իշխանությունն այս ընթացքում անգործության է մատնված, Ալեն Սիմոնյանը ասաց, որ ոստիկանությունն է հարցեր լուծում, միշտ էլ մենք ոստիկանապետություն ենք եղել, միշտ ամենակարևոր լծակներից մեկը եղել է ոստիկանությունը, միշտ ծայրահեղ դեպքերում ոստիկանությունն է եղել հարց լուծող, ոստիկանությունը չի միջամտել, դրսևորել է անգործություն կրիմինալ էլեմենտների և փողոցային խուժանի գործողություններին: Սակայն, ըստ նրա, նախկին ոստիկանապետի և ներկայիս ոստիկանապետի գործողություններում, գործելաոճում ակնհայտ տարբերություն կա:
«Ես, օրինակ, շատ դրական եմ գնահատում Ներսիկ Նազարյանին գործից ազատելու քայլը, բայց բացասական եմ գնահատում, որ բիզնեսի սերտաճման համար նա պատասխանատվություն չի կրել: Դրական եմ գնահատում ոստիկանապետի՝ ապրիլի 9-ին անձամբ գալը, ժողովրդի մեջ մտնելը, միաժամանակ բացասական եմ գնահատում նույն օրը ոստիկանության կողմից կատարված բռնության քայլերը: Կարևորը՝ հետո ինչ է անելու»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Հարցին՝ ոստիկանությունը Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին կկարողանա՞ վերահսկել ընտրական գործընթացը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ, ցուցադրաբար ինչ-որ քայլեր կանեն, բայց չկա այն վստահությունը ոստիկանի նկատմամբ, որ նա կվերահսկի ընտրական գործընթացը, քանի որ դրա փորձը կա, պատմությունն այլ բան է ապացուցել»:








































