Hyundai ավտոմեքենայի նոր մոդելը գովազդող անհաջող հոլովակը սկանդալ է առաջացրել: Կորեական ավտոարտադրողը ստիպված է եղել ներողություն խնդրել Innocean Worldwide Corp գովազդային գործակալության եվրոպական ստորաբաժանման գործողությունների համար: Գործակալությունը հոլովակի սյուժեում օգտագործել է ինքնասպանության թեման: Այս մասին հայտնում է AutoNews.ru-ն:
Գովազդը նպատակ ուներ ցույց տալ, որ ջրածնով աշխատող ix35 Fuel Cell քրոսովերը վտանգավոր արտանետումներ չի անում, և նրանում հնարավոր չէ արտանետված գազերով ինքնասպանություն գործել: Հոլովակում տղամարդն արտանետման խողովակը թեքում է դեպի մեքենայի սրահը և սպասում, սակայն որոշ ժամանակ անց մեքենայից դուրս է գալիս ողջ և առողջ:
Գովազդը հասարակական մեծ արձագանք է առաջացրել համացանցից օգտվողների շրջանում, ինչի հետևանքով ընկերությունը ներողություն է խնդրել և հրաժարվել այն հեռարձակել հեռուստատեսությամբ:
Հիշեցնենք, որ Hyundai-ն դարձել է աշխարհում առաջին ավտոարտադրողը, որը ջրածնային վառելիքային տարրերով աշխատող մեքենաների սերիական արտադրություն է սկսել: ix35 Fuel Cell-ի արտադրությունը սկսվել է այս տարվա մարտին:








































