Արդեն 4 ամիս է՝ ՍԴՀԿ-ն սկսել է իր տարածքային կառույցների վերականգնման աշխատանքները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
Նա նշեց, որ աշխատանքներ են իրականացվում արդեն չորս ամիս, որոնց նպատակն է վերականգնել կուսակցական տարածքային աշխատանքի բնականոն ընթացքը: Գուրգեն Եղիազարյանի փոխանցմամբ՝ վերջին խորհրդակցություններն այս ուղղությամբ անցկացրել են Տավուշի մարզում, Վարդենիսում, Կամոյում:
«Սա կուսակցության համար բնական աշխատանք է: Ժամանակի ընթացքում, երբ կորցնում ես այդ կառույցները, երբ չկան համապատասխան պայմաններ, ապա դա նշանակում է ջլատվել, քայքայվել: Հիմա վերականգնում ենք ՍԴՀԿ կառույցները: Երբ չկան նորմալ պայմաններ, ժամանակի ընթացքում կառույցը սկսում է չգործել, հիմա ընդամենը անցնում ենք այդ կառույցների վերագործման աշխատանքներին՝ ընդունելություն, խորհրդակցություններ, հանդիպումներ: Ամեն տեղ ունենք տարածքային կառույցներ և աշխատում ենք դրանք վերակենդանացնելու ուղղությամբ»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը: Նա նշեց, որ սա որևէ կապ չունի Գևորգ Պերկուպերկյանի և այն բանի հետ, որ նա իրեն ՍԴՀԿ ատենապետ է հռչակել:
Գուրգեն Եղիազարյանը նաև տեղեկացրեց, որ այս հիմքով շարունակվող դատական վեճը պետք է որ ավարտվի մայիսի 2-ին, որի ընթացքում, եթե դատական ատյանը որոշում կայացնի հօգուտ Պերկուպերկյանի՝ անտեսելով իրենց ներկայացրած բոլոր փաստարկները, ապա պատրաստ են պայքարել նաև միջազգային ատյաններում: «Մենք փաստաթղթերի տրցակ ունենք կեղծիքների: Նա չի հասկանում, որ այս բռնապետության պայմաններում, գտնվելով վարչապետի թևի տակ, ոչինչ չի լինի: Վաղը, մյուս օրը հենց ամեն ինչ փոխվի, մենք նորմալ երկրում կլինենք, այդ երեխաները, մեծ ու փոքր սրիկաները կհայտնվեն բանտերում»,- ասաց նա:








































