«Հայելի» ակումբում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Հայ ազգային կոնգրեսին և իշխանություններին մեղադրեց իրար հետ սիրաբանելու մեջ:
«Երբ տեսնում ես, որ երկու քաղաքական գործիչներ սիրաբանում են, պետք է ուրախանաս»,- հայտարարեց Պարույր Հայրիկյանը: Իսկ ասուլիսի մյուս հյուրը` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, լրացրեց. «Հատկապես, երբ տեսնում ես՝ սիրաբանում են արժանապատվորեն»:
Պարույր Հայրիկյանը Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրեց ծրագրեր չունենալու մեջ: «Ինչպես 91 թ. Լևոն Տեր-Պետրոսյանը չուներ արմատական ծրագիր, այնպես էլ այսօր չունի»,- ասաց նա: Լրագրողի դիտարկմանը, թե Կոնգրեսը ներկայացրել է «100 քայլ» ծրագիրը, Հայրիկյանը արձագանքեց՝ դա որակելով որպես կոսմետիկ փոփոխությունների առաջարկ: «Երեկ իրար թշնամի էին, հիմա բարեկամացան, էն ժամանակ ինքը նախագահ էր, սա մի ուրիշ բան, հիմա հակառակն է»,- հայտարարեց Հայրիկյանը: Նա նաև ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իրենից է սովորել «ավազակապետություն» բառը, քանի որ ժամանակին հենց նրա իշխանությանն է տրվել նման բնութագիր: