Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 4 մարդ է սպանվել Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան ու Բելուջիստան նահանգում ոստիկանատան ու պարեկային ավտոմեքենաների վրա ահաբեկիչների իրականացրած հարձակման հետևանքով։
Սպանվածների թվում հայտնվել է նաև ոստիկանական ստորաբաժանման հրամանատարը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ այսօր առավոտյան ահաբեկիչները հարձակվել են Նիկշահր քաղաքի մոտ գտնվող Ախորան գյուղի ոստիկանատան վրա և վիրավորել են շարքային ոստիկանի։ Զինծառայողներին տեղափոխող պարեկային ավտոմեքենան Նիկշահրի հոսպիտալ գնալիս ընկել է ծուղակը և պայթել է ականի վրա։ Դրա հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել մի քանի ոստիկան։ Նրանց օգնության են շտապել ոստիկանական նոր ուժեր, սակայն նրանք էլ ենթարկվել են ահաբեկիչենրի հարձակմանը։
Սիստան ու Բելուջիստան նահանգի ոստիկանապետ, գեներալ Հոսեին Ռահիմին խոստացել է հնարավորինս արագ ձերբակալել ահաբեկիչներին։









































