Սիրիական ընդդիմությունը պահանջել է երկրի իշխանություններից ընդունել նոր սահմանադրություն` որպես Սիրիայում քաղաքական բարեփոխումներ իրականացնելու պայման: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը` հղում կատարելով Al-Jazeera հեռուստաընկերությունը, որը ներկայացրել է ընդդիմության` «Ազգային նախաձեռնություն հանուն բարեփոխումների իրականացման» անվանումը հայտարարությունը:
«Նոր սահմանդրության մեջ պետք է ապահովվեն մարդու հիմնական իրավունքները և հստակ սահմանազատվի երկրի իշխանության երեք ճյուղերը` օրենսդիր, գործադիր և դատական: Երկրում քաղաքական բարեփոխումներ իրականացնելու համար պահանջվում է քաղաքական կուսակցությունների գործունեության վերաբերյալ նոր օրենք ընդունել, որը թույլ կտա բոլոր սիրիացիներին առանց բացառության մասնակցել քաղաքական կյանքին»,- ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես նշում են հայտարարությունը ստորագրած 150 ընդդիմադիր ակտիվիստները, «Սիրիայի միակ պետական ինստիտուտը, որը կարող է իր վրա վերցնել երկրի քաղաքական բարեփոխումների իրականացման ղեկավարումը, բանակն է»:
«Զինվորական ղեկավարությունը` Պաշտպանության նախարար Ալի Հաբիբի և Գլխավոր շտաբի պետ Դաուդ Ռաջիհայի գլխավորությամբ, բանակցություններ սկսելով տարբեր քաղաքական ուժերի հետ, կարող է ձևավորել անցումային կառավարություն, որը և կստանձնի երկրում քաղաքական բարեփոխումներ իրականցնելու քաղաքականությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Ինչ վերաբերում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, ապա ընդդիմադիրները կարծում են, որ նա կանգնած է ընտրության առաջ. դառնալ հերոս` տանելով երկիրը ժողովրդավարացման, կամ պատմության մեջ մնալ որպես դիկտատոր, որը գահընկեց կարվի ազգային հեղափոխության կողմից և կկրկնի Թունիսի և Եգիպտոսի նախագահների ճակատագիրը:










































