«2012 թվականի խորհրդարանական ընտրությունների մեկնարկը տրված է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կովկաս ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը: Անդրադառնալով ընդդիմություն-իշխանություն երկխոսությանը Իսկանդարյանը նշեց, որ իր համար հասկանալի չէ երկխոսություն կոչվածը, ինքը կարծում է, որ նման բան իրականում չկա. «Չեմ կարծում, որ ինչ որ սենյակում Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել և պայմանավորվել են, պարզապես ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ և ընդդիմությունը և իշխանությունը քայլեր են ձեռնարկում սեփական նպատակները իրականացնելու համար»: Իսկանդարյանի գնահատմամբ ՀԱԿ-ի քայլերը ուղղված են համակիրների շարքերը ընդարձակելուն:
Քաղաքագետի խոսքերով, եթե վերջին երեք ամիսներին ընդդիմության կոչերը հիմնականում ուղղված էին հասարակության արմատական տրամադրություն ունեցող հատվածին, ապա այսօր ՀԱԿ-ը նպատակ ունի իր կողմը գրավել ոչ այնքան արմատական հատվածին, որը այդուամենայնիվ դժգոհ է իշխանությունից: Իսկանդարյանը նաև նկատեց, որ իշխանության և ընդդիմության գործելակերպի վրա էական է արտաքին գործոնի ազդեցությունը: Քաղաքագետի խոսքերով, թե Ռուսաստանը, թե ԱՄՆ-ը իրենց դերն ունեն, մի տարբերությամբ, որ Ռուսաստանը աշխատում է իշխանությունների, իսկ ԱՄՆ-ը և ընդդիմության, և իշխանությունների հետ:
Ամեն դեպքում, Իսկանդարյանի կանխատեսմամբ շատ հնարավոր է, որ առաջիկայում էականորեն փոխվեն ընդդիմության և իշխանության այսօրվա հռետորաբանությունը: Իսկանդարյանի գնահատմամբ խաղաքարտերն ամբողջությամբ կբացվեն նոյեմբերին, երբ քաղաքական ուժերի ռազմավարությունը նպատակաուղված կլինեն հենց ընտրությունների համար:







































