Քուվեյթն այսօր Ճապոնիային է առաջարկել 5 մլն բարել նավթ` որպես օգնություն այդ երկրին, որը տուժել է մարտի 11-ի ավերիչ երկրաշարժի և ցունամիի հետևանքով: Այս մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը: Քուվեյթի նավթարդյունաբերության նախարար շեյխ Ահմեդ Աբդալլահ Ալ-Ահմադ Ալ-Սաբահը երեկ նման հայտարարությամբ է հանդես եկել` հանդիպելով ճապոնացի իր պաշտոնակից Բանրի Կաիեդայի հետ:
Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարը, շնորհակալություն հայտնելով նման նվերի համար, անվանել է այն Պարսից ծոցի պատերազմի ժամանակ Ճապոնիայի կողմից Քուվեյթին ցուցաբերված օգնության պատասխանը: Նա հայտնել է, որ այդ նավթը կօգտագործվի աղետից տուժած տարածքները վերականգնելու համար:








































