Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատը տանուլ է տվել Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի դեմ ներկայացրած հայցը, որում նա Գյոքչեքին մեղադրել է թշնամանք և ատելություն սերմանելու համար։
Դատարանի որոշմամբ՝ Հայկո Բաղդատը տուգանվել է 1160 լիրայով։ Թեմայի հետ կապված Գյոքչեքը իր բացած հայցում պահանջում է 10.000 լիրայի փոխհատուցում՝ իրեն «հայ» և «գարշելի մարդ» անվանելու համար։
Նիստը հետաձգվել է մինչև մարտ՝ հանգամանքներին ծանոթանալու համար։
Ավելի վաղ Բաղդատը Twitter-ի իր միկրոբլոգում փոխաբերական իմաստով գրել էր, որ քաղաքապետը հայ է, ինչից Գյոքչեքը խստապես վիրավորվել էր և հայց էր ներկայացրել նրա դեմ։
Ավելի վաղ Բաղդատը պարզաբանել էր, որ Մելիհ Գյոքչեքը, ցանկանալով վիրավորել իր քաղաքական հակառակորդներին, նրանց շարունակ անվանել է հայ, ինչի համար էլ ինքն էլ փոխաբերական առումով նրան անվանել է հայ. «Մենք ապրում ենք մի վայրում, որտեղ մարդկանց կոտորել են իրենց էթնիկ արմատների պատճառով: Մենք երեխաներ ունենք, որոնք վատ իմաստով հայ են պիտակվում, ինչը վտանգում է նրանց կյանքը Մելիհ Գյոքչեկի նման մարդկանց նողկալի դիրքորոշման պատճառով»։











































