«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ անդրադառնալով այսօր հանրաքվեի քվեարկության ընթացքում արձանագրված ընտրախախտումներին և ընտրատեղամասերում տիրող իրավիճակին, նշեց, որ իրավիճակը շատ դրամատիկ է ներկայացվում. «Այս խոսակցությունները. «Վա՜յ սարսափեցի և այլն» անցած էտապ է, ոչ ոք չի վախենում իր կյանքի կամ իր խոսքի համար, տեսնում եք՝ ինչքան բան է փոխվում մեր երկրում»:
Կարինե Աճեմյանի դիտարկմամբ՝ բոլոր երկրներում ամենաքիչ թվով մարդիկ են մասնակցում սահմանադրական բարեփոխումների հետ կապված հանրաքվեին: Նրա կարծիքով. «Իրականում մեր հասարակությունը այդքան էլ պասիվ չէ, անտարբեր չէ իր պագայի նկատմամբ»:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ քվեաթերթիկը ընտրատեղամասում պատռելու հանգամանքին, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Քաղաքական գործիչն իրավունք չունի նման բան անելու, դա քաղաքական տգիտություն է»:
«Մենք շատ մեծ քայլ ենք անում. եթե հանրաքվեն դրական արդյունքներ արձանագրեց, ապա մինչև մայիս Ընտրական օրենսգիրքը անպայման պետք է բարեփոխենք, որպեսզի կարողանանք խորհրդարանական ընտրություններ կազմակերպել: Այս փաստաթուղթը մեզ շատ պետք է և՛ մեր անվտանգության, և՛ մեր կայունության, և՛ բոլոր երաշխիքներն ապահովելու առումով: Եթե այս փաստաթղթով ընդդիմության հնարավորությունները մեծանում են, ինչի՞ համար է այս ամենը: Թող իրենք կազմակերպվեն:
Մենք ուզում ենք մեր քաղաքական դեմքը փոխել, դարձնել ավելի քաղաքակիրթ, քաղքական դաշտը բերել այն հարթակ, որը իրականում պիտի գործի, այսինքն՝ ԱԺ»,- իր խոսքն այսպես եզրափակեց Կ. Աճեմյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































