Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանը գործի է անցել Սիրիայի քրդերի հարցում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի հյուսիսում ճանապարհ է հարթում «Քրդական միջանցքի» ստեղծման համար։
Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) ռազմական թև YPG-ն (Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր) ցամաքից է հարձակվում Ազեզի վրա, իսկ ռուսական ավիացիան նրան աջակցում է օդից։ Ավելի վաղ Թուրքիան Սիրիայի քրդերի համար «կարմիր գիծ» էր սահմանել տվյալ գոտին՝ արգելելով մուտք գործել այնտեղ։
Ազեզի շրջանը սահմանակից է Թուրքիայի Քիլիս նահանգին, այստեղ է գտնվում Օնջուփընարի սահմանային անցակետը և տվյալ շրջանը ներկայացնում է առանցքային կարևորություն։ Ռուսաստանը թուրքական օդուժի կողմից իր ինքնաթիռը խփելուց հետո պայմանավորվածության է եկել PYD-ի հետ և սկսել է զենք մատակարարել նրան։
PYD-ն Ազեզը գրավելու համար հարձակվել է Թուրքիայի աջակցությունը վայելող Սիրիական ազատ բանակի վրա։ Ռուսաստանն էլ ավիաաջակցություն է ցուցաբերում նրան։ Բացի այդ, Ռուսաստանն օդից 5 տոննա զինամթերք է նետել Սիրիայի քրդերին։ PYD-ն արդեն երկար ժամանակ է, ինչ փորձում է գրավել Ազեզը և միավորել Աֆրինի ու Քոբանիի շրջանները։ Դա հանդիսանում է Քրդական պետության ստեղծման պլանի մաս, որին էլ աջակցում է Ռուսաստանը։ Եթե Սիրիական ազատ բանակը կորցնի Ազեզն ու Էսելամայի սահմանային անցակետը, ապա կխզվի Թուրքիայի ու Սիրիայի ապստամբների միջև կապը։ Դրա համար էլ Ազեզն ունի առանցքային նշանակություն և ընկել է Թուրքիայի սահմանած «կարմիր գծի» տակ։









































