«Սա ցուցադրությունն է այն քաղաքականության, որը վարում է Վրաստանի իշխանությունը, նոր բան չկա, քանզի 2008թ. սկսած այդ ճանապարհը գրեթե չէր գործում»,- անդրադառնալով Վրաստանի խորհրդարանի որոշմանը դադարեցնել ռուսական ռազմամթերքի փոխադրման վերաբերյալ պայմանագրին, «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և արտաքին հարաբերությունների ինստիտուտի առաջատար մասնագետ Ալեքսանդր Կռիլովը:
Նա նկատեց, որ այս որոշումը Հայաստանի վրա որևէ կերպ ազդեցություն չի ունենա, քանզի միշտ էլ կան այլ ճանապարհներ, որոնցով կկատարվի ռուսական ռազմաբազաների թարմացումը:
Հարցին, թե ինչքանով է հավանակն, որ Ռուսաստանն իր ռազմական տեխնիկան Հայաստան հասցնի Թուրքիայի տարածքով, Կռիլովը պատասխանեց. «Կարծում եմ առավել իրական է Իրանի ճանապարհը»:
Ըստ Կռիլովի, այս որոշումը հերթական հարվածն է ռուս-վրացական հարաբերություններին. «Երբ վրացական իշխանություններն օգտվում են ցանկացած հնարավարությունից ցույց տալու իրենց անբարեհաճ տրամադրվածությունը Ռուսաստանի նկատմամբ, երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման մասին խոսելն ավելորդ է»:










































