Բոսթոնի ահաբեկչության մեջ մեղադրվող Ջոհար Ցարնաևը ձերբակալության ժամանակ ոստիկանության կողմից կիրառված հզոր խլացնող նռնակների պատճառով կարող է մասամբ կորցրած լինել լսողությունը, տեղեկացնում է CNN-ը:
Կասկածյալը պարանոցի հետևի մասում վնասվածքներ է ստացել, նա նաև ոտքի վնասվածքի պատճառով մեծ քանակությամբ արյուն է կորցրել: Այժմ նրան արհեստական շնչառության սարքավորում են միացրել, նա գտնվում է ուժեղ քնաբեր դեղորայքների ազդեցության տակ:
CNN-ի տվյալներով, քննիչները մի քանի ժամը մեկ կարճ և հստակ հարցեր են նրան տալիս, որոնց նա գլխով պատասխանում է: Բժիշկները թույլ չեն տալիս քննիչներին երկար ժամանակ հիվանդասենյակում գտնվել: