Ֆրանսիայի և Իտալիայի միջև ծագած սահմանային խնդիրները երեկ քննարկել են երկու երկրների ղեկավարներ Սարկոզին և Բեռլուսկոնին: Կողմերն առաջարկել են բարեփոխել Շենգենյան պայմանագիրը և թույլատրել ժամանակավորապես փակել երկրի սահմանները: Այս հակասություններն առաջացել են այն ժամանակ, երբ հյուսիսաֆրիկյան հեղափոխությունների ու պատերազմների հետևանքով մեծ քանակությամբ փախստականներ նախ հասել են Իտալիայի սահմաններ, հետո սկսել են տարածվել ողջ Եվրոպայում:
Սարկոզին և Բեռլուսկոնին հայտարարել են, որ եթե Շենգենյան համաձայնագիրը չբարեփոխվի, ապա այդ միությունը կքանդվի: Նրանք հատուկ շեշտել են սեփական սահմանների վերահսկման անհրաժեշտությունը: Սա շատ բացասաբար կազդի զբոսաշրջիկների տեղաշարժի վրա, քանի որ նրանք ստիպված են լինելու ստուգման ենթարկվել յուրաքանչյուր երկիր մուտք գործելիս:
Խնդիրներ են առաջանալու նաև ֆինանսական ապահովվածությունն ապացուցելու հարցում, ինչը հիմա ֆրանսիացի սահմանապահները պահանջում են երկիր մուտք գործող աֆրիկացիներից: Հիմա հյուպատոսական ծառայությունների բոլոր կայքերում հայտնվել է գրություն, համաձայն որի, անձնագրում գոյություն ունեցող վիզան հարյուր տոկոսանոց երաշխիք չէ երկիր մուտք գործելու համար: Մուտք գործողի «ճակատագիրը» կորոշի սահմանային անցակետի աշխատակիցը:











































