Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 24-ին Քուվեյթի Սբ. Վարդանանց եկեղեցու բակում տեղի ունեցավ հսկումի ավանդական արարողությունն ու մոմավառության խորհրդանշական երթը, որից հետո ներկաները շարժվեցին եկեղեցու դահլիճ` ունկնդրելու ոգեկոչման միջոցառումը:
Համայնքային բոլոր կառույցների համատեղ ջանքերով կազմակերպված հուշ-երեկոյի ընթացքում հնչած ելույթներն անցյալի հանրագումարն էին և աշխարհաքաղաքական նոր պայմաններում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հնարավոր ուղիների նախանշումը` միասնության, համախմբման և համատեղ ջանքերի համադրման շեշտադրմամբ:
Ելույթով հանդես եկավ նաև Քուվեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը` նշելով, որ մինչև այսօր Թուրքիայի կողմից վարվող մերժողական քաղաքականությունը պետք է լուրջ ազդակ հանդիսանա առաջին հերթին միջազգային հանրության համար` հետագա ցեղասպանությունները կանխարգելելու համար: