Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի 90-ամյակին նվիրված՝ Վինձորի ամրոցի պարկում մայիսին կայանալիք 4 ներկայացումների տոմսերը երեքշաբթի օրը վաճառվել են մի քանի ժամվա ընթացքում: Այս մասին իրենց պաշտոնական կայքում հայտնել են տոնակատարությունների կազմակերպիչները՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Վաճառվել են 90 րոպե տևողությամբ ներկայացման 25 հազար տոմս՝ 55-195 ֆունտ ստերլինգ արժեքով: Շոուի ժամանակ, որտեղ գործի կդրվեն 900 ձիեր և կներգրավվեն ավելի քան 1.5 հազար մասնակիցներ, ներկա կգտնվեն արքայական ընտանիքի անդամները, իսկ անձամբ Եղիսաբեթ II-ը իր ներկայությամբ կպատվի մայիսի 15-ին կայանալիք եզրափակիչ ներկայացումը: Համերգներին կմասնակցեն տարբեր երկրներից արտիստներ:
Տոմսերից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործությանը:










































