Հոկտեմբերի 31-ին ռուսական Airbus-321 օդանավը, որը Շարմ էլ-Շեյխ քաղաքի օդանավակայանից թռչում էր Սանկտ Պետերբուրգ, ընկել էր Սինայի թերակղզում: Օդանավի ուղևորները և անձնակազմի անդամները զոհվել էին։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը երեկ հայտարարեց, որ Եգիպտոսում А321 օդանավի վթարի պատճառ է եղել ահաբեկչությունը։ Ահաբեկչությունից հետո Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Արաբական Էմիրությունները, Թուրքիան հայտարարեցին դեպի Եգիպտոս չվերթները ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ, և սկսեցին իրենց քաղաքացիներին դուրս բերել այնտեղից։
Հայտնի է, որ դեպի Եգիպտոս փաթեթներն իրենց մատչելիությամբ գրավում են հայաստանցիներին, և նրանցից շատերը նախընտրում են հանգստանալ այնտեղ։ Օդային ահաբեկչությունից օրեր անց, միայն երեկ՝ նոյեմբերի 18-ին ՀՀ արտգործնախարարությունը վերջապես ուշացած հայտարարություն տարածեց, որով խորհուրդ տվեց քաղաքացիներին միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում մեկնել Եգիպտոս։
Սակայն, Հայաստանում գործող տուրիստական ընկերությունների համար, արտգործնախարարության հայտարարությունն արգելք չէ։ Տուրօպերատորները շարունակում են քաղաքացիների համար տեղեր ամրագրել դեպի Եգիպտոս՝ պատճառաբանելով, որ այնտեղ ֆորսմաժորային իրավիճակ չկա և արտգործանախարարության հայտարարությունն արգելք չէ։
Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն ասում է՝ իրենք իրավասություն չունեն տուրիստական ընկերություններին պարտադրել չվաճառել փաթեթներ։
Այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ տուրիստական ընկերությունները հետ չեն վերցնում նախապես ամրագրված փաթեթները, և չեն վերադարձնում իրենց գումարները։ Այս առնչությամբ, նախարարության զբոսաշրջության վարչության պետը նշում է՝ փաթեթը ձեռք բերելուց առաջ պետք է անպայման պայմանգիր կնքել, ծանոթանալ հետվերադարձի պայմաններին և նման խնդիրներ չեն առաջանա։ Իսկ ամեն դեպքում, եթե վիճահարույց խնդիրներ լինեն, դա կարող է լուծվել դատական կարգով։
Մինչդեռ, Իրազեկ և պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը համոզված է՝ թե՛ տնտեսվարողին, թե՛ սպառողին կարող է փրկել բացառապես Կառավարությունը, մասնավորապես՝ էկոնոմիկայի նախարարությունը։
Պիպոյանը հավելեց՝ իրենք առաջիկա օրերին պատրաստվում են բաց նամակով դիմել էկոնոմիկայի նախարարությանը՝ հորդորել քայլեր ձեռնարկել, նախագիծ ներկայացնել կառավարությանը։ Պատասխան չստանալու դեպքում բաց նամակ կուղարկվի նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Հովիկ Աբրահամյանին։









































