Ապրիլի 24-ին Սանկտ-Պետերբուրգում նշվեց Հայոց Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցը:
Առավոտյան քաղաքի Սուրբ Կատարինա հայ առաքելական եկեղեցու բակում համայնքի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները ժապավեններով եւ մեծ մոմերով խաչ պատրաստեցին, որը կոչված էր հավերժացնելու ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս յուրահատուկ հուշակոթողը միջոցառման ողջ ընթացքում լցվեց ժողովրդի կողմից վառվող մոմերով: Եկեղեցու առջեւ հավաքվել էին հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ, բազմաթիվ զբոսաշրջիկներ` իրենց հարգանքը մատուցելու Մեծ Եղեռնի զոհերին: Սուրբ Կատարինա եկեղեցու բակում գտնվող խաչքար-հուշակոթողին ծաղկեպսակներ դրվեցին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայ համայնքի եւ Հայ առաքելական եկեղեցու կողմից:
Այնուհետեւ եկեղեցում մատուցվեց Սուրբ Զատիկին նվիրված պատարագ, որից հետո տեղի ունեցավ հանդիսավոր հանրահավաք: Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, Հյուսիս-արեւմտյան տարածաշրջանի հայ համայնքի հոգեւոր հովիվ Նշան Պետրոսյանը, Սանկտ-Պետերբուրգում հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանը եւ այլք:
Հանրահավաքից հետո Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի մշակութային կենտրոնի նորաբաց դահլիճում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի զոհերին նվիրված ցուցահանդեսի բացումը, որտեղ ներկայացված էին արխիվային լուսանկարներ: Մշակութային կետրոնում բացված այս ցուցհանդեսի նյութերը այնուհետեւ ցուցադրվելու են կենտրոնում բացվելիք ցեղասպանության թանգարանում: