Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին իր ցավակցությունն է հայտնել Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվածների ու տուժածների ընտանիքներին: Այս մասին տեղեկանում ենք ֆուտբոլիստի ֆեյսբուքյան էջից:
«Մենք ամբողջ մտքով երեկ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհվածների ու ահաբեկվածների ընտանիքների կողքին ենք: Ուզում եմ մեկ անգամ ևս կրկնել՝ կա միայն մեկ ճշմարիտ ճանապարհ՝ սեր և աշխարհում խաղաղություն հիմնելու ցանկություն»,- գրել է Լիոնել Մեսսին իր ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ Փարիզում նախօրեին սարսափելի իրադարձություններ են տեղի ունեցել: «Պարկ դե Ֆրանս» մարզադաշտի հարևանությամբ պայթյուն է գրանցվել: Այդ պահին ընթացել է Ֆրանսիա – Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին նաև ներկա է եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով էվակուացվել է և ուղղաթիռով դուրս բերվել մարզադաշտից:
Նշվում է, որ Փարիզի տարբեր մասերում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների պատճառով զոհվել է ավելի քան 150 մարդ:
Հավելենք նաև, որ Ֆրանսիայի ու Անգլիայի հավաքականների միջև ընկերական հանդիպումը, որ նախատեսված է անցկացնել նոյեմբերի 17-ին, հնարավոր է՝ հետաձգվի:









































