Իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Իրանը չի կատարի իր միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» հետ ձեռք բերված համաձայնագիրը, եթե ԱՄՆ Կոնգրեսը նոր պատժամիջոցներ սահմանի Թեհրանի դեմ։
Դրա հետ մեկտեղ Իրանի նախագահը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը կամ մյուս երկրները կատարեն իրենց պարտավորությունները, ապա Իրանը հարկադրված չի լինի գնալու այդ քայլին:
Նրա խոսքով՝ Իրանի ու ԱՄՆ-ի միջև շարունակում են մնալ մի շարք տարաձայնություններ, քանի որ ամերիկացիները չեղյալ չեն հայտարարում երկրի դեմ սահմանած բոլոր պատժամիջոցները:
«Իրանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն այլ պատմություն են։ Սակայն համաձայնագրի ընդունման դեպքում այն կարող է ապագայում ազդել դրանց վրա։ Եթե համաձայնագիրը լավ իրագործվի, այն հիմք կդնի ԱՄՆ-ի հետ լարվածության նվազեցմանը՝ ստեղծելով նոր ժամանակաշրջան սկսելու պայմաններ։ Սակայն եթե ամերիկացիներն իրենց կողմից չկատարեն միջուկային համաձայնագրի մասը, ապա, բնականաբար, մեր հարաբերությունները կմնան նույնը՝ ինչպես անցյալում էր»,- նշել է Իրանի նախագահը։
Հիշեցնենք. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնք, սակայն, կապ չունեն նրա միջուկային ծրագրի հետ։









































