Գերմանական բունդեսվերի զինվորականները Աֆղանստանում կարող են մնալ ավելի վաղ պլանավորվածից մեկ տարի ավելի: Նրանք կշարունակեն աջակցել երկրի հյուսիսում տեղական անվտանգության ուժերին, հայտնում է Spiegel պարբերականը:
Գերմանիայի իշխանության ներկայացուցիչները համաձայնվել են, որ Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքում բունդեսվերի առաքելությունը երկարացվի առնվազն մինչև հաջորդ տարվա վերջ: Սկզբնական պլանի համաձայն` գերմանացի զինվորականները պետք է լքեին Աֆղանստանի հյուսիսը 2016 թվականի սկզբին:
Ինչպես նշում է պարբերականը, այդ որոշումը կապված է տարածաշրջանում վտանգավոր իրադրության պահպանման հետ: Սեպտեմբերի վերջին «Թալիբան» արմատական խմբավորման զինյալները գրավել են Աֆղանստանի հյուսիսում գտնվող Կունդուզ քաղաքը, որը խաղաղ ժամանակ ունեցել է մոտ 300 հազար բնակիչ: Բունդեսվերի զինվորականների խնդիրը կլինի աֆղանական ուժերի աշխատակիցների հրահանգավորումը:











































