«Մենք բազմաթիվ սպեկուլյացիաների ականատես ենք եղել վերջին երկու տարիներին, երբ ԵՄ-ն, չառաջարկելով անվտանգության երաշխիքներ, Հայաստանից վճռական քայլերով դեպի Արևմուտք գնալ էր ակնկալում: Սակայն Հայաստանն էր հենց նախաձեռնողը, որ ԵՄ հետ Ասոցացման պայմանագրում անվտանգության հարցերին կա՛մ ընդհանրապես անդրադարձ չլինի, կա՛մ շատ մակերեսային լինի: Չի կարել մեղադրել Եվրամիությանը , որ նոր է հիշում անվտանգության խնդիրների մասին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Հարցին՝ Մոսկվան մինչև վերջ թույլ կտա՞, որ նոր փաստաթղթի շուրջ բանակցությունները իրենց լրումին հասնեն, Բ. Նավասարդյանը պատասխանեց, որ ՌԴ կողմից որոշ ճնշումներ կլինեն, որպեսզի եթե փաստաթուղթ է ձևավորվում, այն շատ հավակնոտ չլինի. «Նույնիսկ եթե բացառենք քաղաքական կամ պաշտոնական մակարդակով ճնշումները, մենք կարող ենք ակնհայտորեն տեսնել ոչ ֆորմալ դիմադրություն: Ռուսաստանն այսօր Հայաստանում կիրառում է «փափուկ ուժ»՝ աջակցություն ցուցաբերելով տարբեր լրատվամիջոցների, ՀԿ-ների. դա նորություն է, Ռուսաստանը ակտիվորեն սկսում է քաղաքացիական հասարակությանն օգտագործել Հայաստանի արտաքին և նույնիսկ ներքին քաղաքականության վրա ճնշում գործադրելու համար:
Բորիս Նավասարդյանը չի բացառում ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների ջերմացումը, նրա խոսքով՝ Ռուսաստանը դրա պահանջն ունի, նոր շուկաներ է փնտրում: Հայաստանին Մոսկվան տեսնում է, որպես իրենց հետևից գնացող երկիր: Մի կողմից դա ապահով տարբերակ է, մյուս կողմից այդպիսի կախվածության մեջ ընկնելը շատ ռիսկային է: Մեզ անհրաժեշտ է լինել հավասար բանակցային կողմ: Այսօր շատ հարմարավետ է բանակցությունների համար:
Անվտանգության առումով ԵՄ-ի աջակցությունը չի կարող լինել ռազմական աջակցություն,- ընդգծեց Բ. Նավասարդյանը,- ԵՄ-ն կարող է առաջարկել իր դիվանագիտական ռեսուրսը անվտանգության ոլորտում կիրառելը:








































