Գերմանիայում Team Breker աճուրդի տան աճուրդում վաճառվել է Kenbak-1 No. 0185-ը՝ 1971 թ. արտադրված պահպանված 10 համակարգիչներից մեկը: Լոտը վաճառվել է 34 000 եվրոյով, հայտնում է hitech.vesti.ru-ն: Ինժեներ Ջոն Բլանքենբեյքերի ստեղծած սարքը Բոստոնում Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի թանգարանը 1987 թ. անվանել է «առաջին կոմերցիոն առումով հասանելի անհատական համակարգիչը»:
70-ականների սկզբին Kenbak Corporation ընկերությունը հիմնած Բլանքենբեյքերը Kenbak-1-ը ստեղծել է որպես հասանելի անհատական համակարգիչ դպրոցների համար, որի օգնությամբ սովորողները կկարողանային ծրագրավորում սովորել: Կապույտ պողպատե կորպուսով համակարգիչը կշռել է 6,3 կգ:
Ջոն Բլանքենբեյքերը Kenbak-1-ով
Kenbak-1-ն ունեցել է ընդամենը 256 բայթ հիշողություն: Ծրագրվել է համակարգիչը վաճառել 500 դոլարով, սակայն Scientific American ամսագրում գովազդից հետո դրա գինն աճել է մինչև 750 դոլար:
Բլանքենբեյքերի սարքը պետք է դառնար առաջին սերիական և կոմերցիոն առումով հասանելի անհատական համակարգիչը: Սակայն դրա վաճառքը տապալվել է. արտադրվել է մոտ 40 հատ Kenbak-1, որից մինչ օրս պահպանվել են միայն 10-ը:










































