Գլոբալ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի շրջանակներում պետությունների ստանձնած էկոլոգիական պարտավորությունների կատարման վերահսկողությունը պետք է դրվի միջազգային մասշտաբի հատուկ վերահսկող կառույցի վրա: Երկուշաբթի այսպիսի կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով համաշխարհային համաժողովին (COP-21) ընդառաջ, որը կբացվի ամսվա վերջին՝ Փարիզում: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Հուսով եմ՝ փարիզյան պայմանավորվածությունների արդյունքը կլինեն պարտավորեցնող միջոցները: Այդպիսով՝ հաջորդ փուլը կլինի էկոլոգիական անվտանգության հարցերով խորհրդի ձևով կազմակերպության ստեղծումը, որն անհրաժեշտ պահին կկարողանա հայտարարել, որ այս կամ այն գործողություններն անընդունելի են, վտանգավոր, և որ դրանք պետք է դադարեցվեն»,- ասել է նա Փարիզում ֆրանսիացի գիտնականների հետ հանդիպմանը:
Օլանդի խոսքով՝ այդպիսի կառույցը պետք է դատի այն պարտավորությունների «լիարժեք կատարումը», որոնք կստանձնեն աշխարհի երկրները էկոլոգիայի ոլորտում: «Եթե կլիմայի խնդիրն այդքան վտանգավոր է մարդկության համար, ռիսկ է ներկայացնում մոլորակի համար, անհրաժեշտ է միջազգային ատյան ունենալ որոշումների ընդունման համար»,- նշել է Օլանդը:
ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների հարցերով COP-21 համաժողովը տեղի կունենա Փարիզում՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 11-ը: Դրան կմասնակցեն պետությունների և կառավարությունների ավելի քան 80 ղեկավարներ ամբողջ աշխարհից:








































