Հայաստանի և Ռուսաստանի պատվիրակությունները այսօրվա բանակցությունների ընթացքում առանձին ուշադրություն են դարձրել Սիրիայի հակամարտության խնդրին։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ անհրաժեշտ է Սիրիայում պաշտպանել բոլոր ազգային ու կրոնական փոքրամասնությունների, այդ թվում քրիստոնյաների իրավունքները։ Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե շատերը շատերը փորձում են սիրիական հարցը ներկայացնել որպես շիաների և սունիների հակամարտություն, ինչը սադրանք է և չի համապատասխանում իրականությանը։ «Մեր գլխավոր խնդիրը պայքարն է ահաբեկչության դեմ, թույլ չտալ, որ ահաբեկիչները Սիրիայում չգան իշխանության»,- ասաց նա։
Խոսելով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի մասին՝ ՌԴ արտգործնախարարն ակնարկեց, թե գործընկեր պետություններից շատերին թվում է, թե Ասադի հրաժարականով կլուծվեն բոլոր խնդիրները, ինչն իրականում պարզունակացնում է հիմնահարցը. «Մեր գործընկերներից շատերն առաջվա պես փորձում են խուսափել կոնկրետ աշխատանքից, կոնկրետ բանակցություններից և ամեն ինչ սահմանափակել աբստրակտ կոչերով, թե անհրաժեշտ է, որ Ասադը հրաժարական տա, և այդ ժամանակ Սիրիայի բոլոր հարցերն ինքնընստինքյան կլուծվեն։ Սա պարզեցված մոտեցում է, որը մեզ շեղում է այն աշխատանքից, որը կարող է արդյունք տալ»։











































