Ֆրանսիական «Յառաջի» փոխանցմամբ՝ Քրդական Ժողովրդավարական միության կուսակցությունը (PYD), Քրդստանի Ազգային Կոնգրեսը (KCK) և Ֆրանսիայի Քրդական Ժողովրդավարական խորհուրդը նոյեմբեր 12-ին Փարիզում՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում կկազմակերպեն գիտաժողով: Այն անկասկած կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր հետևում են Քրդական հարցին, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, «Իսլամական պետության» դեմ պայքարին, որի առաջնակարգ դիրքերում են քրդերը:
Գիտաժողովին իրենց մասնակցության մասին հայտարարել են նախկին նախարարներ Բեռնար Քուշները և Սեսիլ Տյուֆլոն, Իլ-դը-Ֆրանսի շրջանային խորհրդական Էրիք Գոքրելը, լրագրող Գիյոմ Փերիեն, Ցեղապաշտության դեմ և ժողովուրդների բարեկամության շարժման՝ MRAP-ի համանախագահ Ռենե Լը Մինիոն, Թուրքիայի քրդամետ HDP կուսակցության համանախագահ Սելահաթին Դեմիրթաշի անունից՝ հայ պատգամավոր Գարո Փայլանը, Տիգրանակերտի համաքաղաքապետ Գյուլթան Քըշանաքը, Ռոժավայի (Հասաքեի շրջան) գավառի համանախագահ Սինեմ Մոհամեդը և այլք:
Գիտաժողովի սկզբում կներկայացվի «Քրդստան, գարնանային երազ» ֆիլմը, որը նկարահանվել է Ռոժավայում:











































