Դեռ սեպտեմբերին Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Խիշամ Զաազուան խոսում էր Եգիպտոսում զբոսաշրջության բնագավառում արձանագրված դրական առաջխաղացումների մասին: 2014թ. համեմատ 2015թ. հունվարից մինչև օգոստոս զբոսաշրջիկների թիվը 300 հազարով ավելացել է՝ հասնելով 6,6 մլն-ի՝ գրում է bbc.com-ը:
Համեմատության համար նշենք, որ 2010թ. Եգիպտոս այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 14,7 մլն: 2011թ. Եգիպտոսում իրականացված վերջին հեղափոխությունից և դրան հաջորդած մի շարք իրադարձություններից հետո աստիճանաբար նվազել է զբոսաշրջիկների թիվը, ինչը բացասաբար է անդրադարձել Եգիպտոսի տնտեսության վրա: 2011 թվականից ի վեր արձանագրված անկումային ցուցանիշների ֆոնին Եգիպտոսն այս տարի առաջին հաջողություններն էր արձանագրում զբոսաշրջության բնագավառում:
Եգիպտոսի իշխանությունները մտադիր էին նոյեմբերին իրենց հանգստյան վայրերի վերաբերյալ միջազգային գովազդային գործունեություն ծավալել: Այդ նախաձեռնությանը նախորդած ռուսական A321-ի աղետը ոչ միայն իմաստազրկեց գովազդային ակցիան, այլև վերջնականապես վերացրեց այն լավատեսությունը, որ ուներ Եգիպտոսի զբոսաշրջության նախարարությունը:
Հետևանքներն ավելի աղետալի են՝ այն առումով, որ սկզբում Բրիտանիան, հետո նաև Ռուսաստանը դադարեցրին իրենց թռիչքները Եգիպտոս՝ ինքնաթիռի կործանմանը ԴԱԻՇ-ի ենթադրյալ մասնակցության մասին լուրերի տարածման պատճառով: Հիմնական խնդիրն այն է, որ զբոսաշրջության բնագավառում անկումը անմիջականորեն կհանգեցնի Եգիպտոսի տնտեսության վիճակի վատթարացմանը:
Մյուս կողմից՝ չնայած դժվարություններին, Եգիպտոսի զբոսաշրջային ոլորտն ունակ է արագ վերականգնվելու: Նոյեմբերի 17-ից 19-ը Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Խիշամ Զաազուան ծրագրում է այցելել Ռուսաստան, սակայն հարց է՝ կարո՞ղ է նա համոզիչ փաստարկներ բերել, որպեսզի Ռուսաստանը վերականգնի իր չվերթները Եգիպտոս:







































