«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը վերջերս հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանին, բայց մերժվել է: Ընդ որում՝ ասում են, նա մեկ անգամ չէ, որ նման դիմում է ներկայացրել: Նաև կարծիք կա, որ Ս.Մնացականյանի հրաժարականին դեմ է եղել ոչ միայն Հ.Աբրահամյանը, այլև Ս.Սարգսյանը: Մենք փորձեցինք այս հրաժարականի մասին մեկնաբանություն ստանալ նաև ԱՎԾ-ից, բայց ծառայության լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, թե իրենք նման տեղեկության չեն տիրապետում:
Բանն այն է, որ Ս.Մնացականյանը վարչապետին դժգոհել է, որ այլևս չի կարող ցանկալի տնտեսական աճի համար թվեր ապահովել, որ բոլոր ոլորտներում անկումներ կան, բայց ինքը ստիպված է հակառակը ցույց տալ, քանի որ իրենից դա են պահանջում իշխանությունները: Իսկ Հ.Աբրահամյանին էլ խիստ է անհրաժեշտ աճ ցույց տալը, որպեսզի նրա վարչապետությունը տապալված չհամարվի: Ընդ որում՝ կարծիք կա, թե տնտեսական անկումն այնքան մեծ է, որ բավականին մեծ ճիգերի կամ մեքենայությունների, իսկ վիճվարչության տերմինաբանությամբ՝ տարբեր մեթոդաբանությունների գնով է միայն հնարավոր լինում տնտեսական աճ ցույց տալ:
Ասում են՝ Ս.Մնացականյանը դժգոհություն է հայտնել, որ վիճակագրական տվյալներն ուռճացնելու արդյունքում տարիներ հետո այդ ոլորտում խնդիրներ են առաջանալու: Այնպես, ինչպես տեղի ունեցավ 2009թ., երբ որոշեցին նախորդ տարիների, այսպես ասած, երկնիշ տնտեսական աճը տեղը գցել և հնարավորինս ճշգրտել վիճակագրությունը, արդյունքում ավելի քան 14 տոկոս անկում առաջացավ: Դրանից հետո պատմությունը կրկնվեց, ու, փաստորեն, Ս.Մնացականյանին կրկին հրահանգվել է տնտեսական աճ ապահովել, ինչը այս տարի մեծ դժվարությամբ է հնարավոր դառնում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում շաբաթներ առաջ, հիշեցնենք, ասել էր նաև ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ հայտարարելով, թե տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում անկումներ կան, ու դա մտահոգիչ է:
Ընդ որում՝ այն աճը, որը վիճվարչությունը կարողանում է այս տարի ցույց տալ, դա էլ հնարավոր է լինում գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտների հաշվին: Հանքարդյունաբերության դեպքում այս տարի շահագործման է հանձնվել և մեծ թափով աշխատում ու հանքանյութ է արտահանում Թեղուտի հանքավայրը: Վերջինիս կարևորությունը նախօրեին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ շեշտել է նաև Սերժ Սարգսյանը: Իսկ գյուղատնտեսությունը, ճիշտ է, թեև անցած տարվա համեմատ աճ է գրանցել, բայց այն չհարկվող ու գրեթե վերահսկողությունից դուրս գտնվող ոլորտ է: Այդ բնագավառում վիճակագրությունը կատարվում է սիրողական մակարդակով, որտեղ թվերը ներկայացվում են ցանկություններին համապատասխան: Գյուղապետերը մոտավոր և ուռճացված թիվ են ներկայացնում մարզպետարաններին, որտեղ էլ իրենց հերթին են այդ թվերն ուռճացնում և ուղղարկում վիճվարչություն: Ու այդպես ձևավորվում է մեր տնտեսական աճը:
Ի դեպ՝ արդեն հրապարակվել են սեպտեմբեր ամսվա վիճակագրության նախնական ցուցանիշները, որոնց համաձայն Հայաստանում կրկին տնտեսական ակտիվություն է գրանցվել՝ այս անգամ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գրանցվել է 2,2 տոկոս աճ, իսկ հունվար-սեպտեմբերին 2015թ. հունվար-սեպտեմբերի համեմատ գրանցվել է 3,7 տոկոս ակտիվություն: Եվ այն ավանդույթի համեմատ ապահովվել է հիմնականում գյուղատնտեսության ու հանքարդյունաբերության հաշվին:
Գյուղատնտեսության ոլորտում անցած տարվա առաջին ինը ամիսների համեմատ գրանցվել է 11,3 տոկոս աճ, արդյունաբերության ոլորտում՝ 4,1 տոկոս աճ: Կրկին տեղում է դոփում 2000-ականների երկնիշ տնտեսական աճի լոկոմոտիվ շինարարությունն իր ընդամենը 0.1 տոկոս ակտիվությամբ: Ընդամենը 3,8 տոկոս աճ է գրանցվել նաև էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում: Ու վերջապես, գրանցված աճերի շարքում է նաև գնաճն իր 4,7 տոկոս աճով:
Բայց այս շքեղ ֆոնի վրա կրկին մեծ անկումներ են գրանցվել թե՛ ներքին, թե՛ արտաքին առևտրաշրջանառության ոլորտներում: Արտաքին առևտրաշրջանառությունը նորից երկնիշ՝ 20 տոկոս անկում է գրանցել: Հետաքրքիր է, որ օգոստոս ամսին ընդամենը 0,5 տոկոս աճ գրանցած արտահանման ոլորտը սեպտեմբերին արդեն ունեցել է 0,9 տոկոս անկում: Ինչպես միշտ, ամենամեծ անկումը գրանցվել է ներմուծման ոլորտում՝ 26,6 տոկոս: Հայտնի է, որ մեր տնտեսության մեջ ներմուծումը ավելի քան կրկնակի գերազանցում է արտահանմանը, և տնտեսական աճի ցուցանիշներ ապահովելու գործում հիմնական դերը պատկանում է հենց ներմուծմանը: Եվ զարմանալի է, որ ներմուծման այդքան անկման դեպքում հնարավոր է լինում տնտեսական աճ գրանցել:
Հայաստանի տնտեսությանը հատուկ ևս մի հետաքրքիր յուրահատկություն. շարունակում է անկում գրանցվել նաև ներքին առևտրաշրջանառության ոլորտում՝ տվյալ ժամանակահատվածի համար 5,6 տոկոս: Այսինքն՝ Հայաստանում գնողունակությունը ընկել է, մարդիկ սպառման համար ավելի քիչ ապրանք են գնում, կյանքը վատացել է, բայց մեր վիճվարչությունը շարունակում է տնտեսական ակտիվություն ցույց տալ: Եվ դա հավանաբար մեծ ճիգերի ու մտավարժանքների արդյունքում է հաջողվում: Ահա թե ինչու է Ս.Մնացականյանը հոգնել իշխանությունների համար տնտեսական աճի ելքեր փնտրելուց ու արդեն ցանկանում է հրաժարական տալ:








































