Korrespondent.net-ի փոխանցմամբ`ԱՄՆ-ի ավելի քան 60 միլիոն բնակիչ, որոնց տարիքը գերազանցում է 5 տարին, տանը չեն խոսում անգլերենով։ Տնային շփման համար ամերիկացիներն օգտագործում են 350 լեզու, որոնք աստիճանաբար անգլերենը դուրս են մղում խոշոր մեգապոլիսներում։
Այդ մասին նշված է ԱՄՆ մարդահամարի բյուրոյի պատրաստած զեկույցում։ ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքներում անգլերենը փաստացիորեն դառնում է փոքրամասնության լեզու։ Օրինակ՝ Լոս Անջելեսում բնակիչների 54 տոկոսը տանը խոսում է այլ լեզվով։ Մայամիում այդ ցուցանիշը կազմում է 51 տոկոս, Սան Ֆրանցիսկոյում՝ 40 տոկոս, Նյու Յորքում՝ 38 տոկոս, Հյուսթոնում՝ 37 տոկոս, Վաշինգտոնում՝ 36 տոկոս։
2009-2013 թվականներին բյուրոյի հավաքած տվյալները վկայում են, որ 60.3 միլիոն մարդ կամ ԱՄՆ-ի ավելի քան 5 տարեկան բոլոր բնակիչների 1/5-ը տանը չեն խոսում անգլերեն։ Այլընտրանքային լեզուներից ամենատարածվածն իսպաներենն է՝ 37.5 միլիոն մարդ, ապա գալիս է չինարենը՝ 2.9 միլիոն մարդ։ Մյուս լեզուներն են՝ ֆրանսերենը, գերմաներենը, կորեերենը, վիետնամերենը ու տագալոգը (Ֆիլիպիններ)։ Այդ լեզուներով խոսում է ավելի քան մեկ միլիոն ամերիկացի։
Մեկ միլիոնի նշաձողին է մոտենում նաև արաբերենը, իսկ ռուսերենից օգտվում է մոտ 880.000 մարդ։











































