Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն Թուրքիայից ակնկալում է երկրում մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պահպանում և քրդերի հետ հաշտեցման գործընթացի շուտափույթ վերսկսում։
Այդ մասին նշված է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին հասցեագրած Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի նամակում, հայտնում է Եվրոպական խորհրդի մամլո ծառայությունը։ Տուսկն ընդգծել է, որ ընտրություններն անցկացվել են ԶԼՄ-ների սահմանափակումների ու անվտանգության խնդիրների ֆոնին, ընդ որում՝ ընտրողներին հնարավորություն են տվել ընտրություն կատարել քաղաքական իրական այլընտրանքների միջև։
Տուսկը հայտարարել է, որ ակնկալում է Դավութօղլուի հետ նոր հանդիպում, որի ժամանակ քննարկվելու է միգրացիոն ճգնաժամի հարցը, ինչպես նաև երկկողմ կապերի ամրապնդումը, այդ թվում նաև ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը։





































