Հայաստանը, ըստ Freedom House-ի զեկույցի, ինտերնետի առումով ազատ երկրների շարքում է։ Այսպիսի ցուցանիշ Հայաստանը հարևան Վրաստանի հետ գրանցել էր նաև անցած տարի։ Միևնույն ժամանակ, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում նկատել է, որ աշխարհի մասշտաբով նկատելի է ինտերնետի ազատության սահմանափակում։ Կառավարություններն ավելացրել են ճնշումներն անհատական ու մասնավոր սեկտորների վրա՝ անցանկալի նյութերն արգելափակելու փոխարեն գերադասելով պարտադրել ջնջել կամ հեռացնել դրանք:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ այս ցուցանիշը դրական է և թերևս դրա համար մեծապես դեր է խաղացել այն հանգամանքը, որ Հայաստանում հեռուստատեսությունն ու տպագիր մամուլը՝ նույն Freedom House-ի զեկույցների համաձայն համարվում են ոչ ազատ։ «Գնալով նոր մեդիաները զարգանում են, նրանց լսարանն ընդլայնվում է և դրան նպաստում է այն, որ տպագիր մամուլն ու հեռուստատեսությունն այնքան ազատ չեն, կամ ամենևին ազատ չեն, քան ինտերնետ մեդիան»,- ասաց Մելիքյանը։
Այնուամենայնիվ, Աշոտ Մելիքյանի խոսքով, պետք չէ շատ ոգևորվել Freedom House-ի այս գնահատականից, և թուլացնել զգոնությունը, այլապես վտանգ կա կրկին հայտնվելու մասամբ ազատ կամ ոչ ազատ երկրների շարքում։ «Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք մեզ կարող են տանել կիսաազատ երկրների շարք։ Մասնավորապես խոսքը վերաբերում է օրենսդրական դաշտին։ Հաճախ մենք լսում ենք պատգամավորական, իշխանական շրջանակներում խոսում են իրենց պատկերացմամբ որևէ կարգավորող, իսկ մեր պատկերացմամբ սահմանափակող օրենսդրական ակտերի մասին։ Առայժմ դրանք չկան, բայց իշխանական կուլիսներում քննարկումները գնում են և պետք է զգուշանալ դրանցից, որոնք կարող են սահմանափակել ինտերնետի ազատությունը»,- հավելեց Մելիքյանը։
Նշենք, որ ըստ զեկույցի ԱՊՀ երկրների շարքում մասամբ ազատ են Ադրբեջանը, Ուկրաինան և Ղրղըզստանը, իսկ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը ոչ ազատ երկրների շարքում են:
Մելիքյանի հետ ամբողջական զրույցը՝ տեսանյութում











































