Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պոտենցիալը և հնարավորություններն այնքան մեծ են, որ իսկապես շոշափելի, լայն քայլեր արված լինելու պարագայում Հայաստանը երևի թե վերածված կլիներ ինովացիոն խորհրդանիշի, կլիներ մի յուրօրինակ Սիլիկոնային հովիտ, որն աշխարհում իր դերն ու կշիռն ունի ՏՏ ոլորտում: Հայաստանում կա դրա համար բավարար մտավոր պոտենցիալ, միևնույն ժամանակ Հայաստանի ցամաքային շրջափակումը, ի տարբերություն այլ ոլորտների, ՏՏ ոլորտի համար խոչընդոտ չէ: Բայց ՏՏ ոլորտի գերակայության մասին հիմնականում խոսվել է, իսկ գործով Հայաստանում շարունակել է գերակայել և շարունակում է գերակայել քրեաօլիգարխիան, որը Հայաստանի տնտեսության ոլորտները մենաշնորհել, քվոտավորել է և վերածել անսպառ փողի աղբյուրի:
Նման պայմաններում, Հայաստանի տնտեսության ինովացիայի մասին գործնականում խոսել հնարավոր է միայն մենաշնորհների և օլիգոպոլիաների դեմ գործնական պայքարի դեպքում: Առանց դրա, ինովացիան և քրեաօլիգարխիան միմյանց հետ շահերի բախման մեջ են, քանի որ ինովացիան քրեաօլիգարխիայից պահանջում է նորանոր ներդրումներ այս ոլորտում, մինչդեռ քրեաօլիգարխիան նման շահագրգռվածություն չունի, որովհետև Հայաստանում չկա մրցակցություն: Եթե տնտեսությունում չկա մրցակցություն, և եթե օլիգարխը այսպես, թե այնպես ստանում է իր գերշահույթները, ապա նա հիմար չէ, որ ավելորդ ներդրումներ կատարի տնտեսական պրոցեսն արդիականացնելու, ինովացնելու համար: Եվ ոչ միայն հիմար չեն, այլ նաև, ինչպես հայտնի է, չտես են և նոր ներդրումների ու ինովացման փոխարեն` նրանք ևս մի նոր դղյակ կկառուցեն, ևս մի նոր ավտոմեքենա կգնեն:
Ահա այս պարզ, «մարդկային» կամ ինչպես քրեաօլիգարխիան կասեր՝ «ժիզնեննի» հանգամանքներում է խցանվել Հայաստանում ՏՏ ոլորտի լայնամասշտաբ զարգացման, Հայաստանում տնտեսական ինովացիայի լայնարձակ ընթացքի հեռանկարը: Ու քանի որ քաղաքական իշխանությունը պատկանում է քրեաօլիգարխիկ սեգմենտին, բնական է, որ այդ իշխանության քայլերն իրականում ուղղված են ՏՏ ոլորտի զարգացումը զսպելուն, սեփական դիրքերը չթուլացնելու համար: Եթե ոլորտը խոսքով հայտարարվում է գերակա, ապա գործն ուղղված է գերակայություն թույլ չտալու և այսպես ասած` զուգահեռ «դեղատոմսով» զարգացում դուրս գրելու, որ ՏՏ ոլորտը հանկարծ չզարգանա այնքան, որ սկսի վնասել քրեաօլիգարխիայի առողջությանը:
Հետևաբար, երբ Հովիկ Աբրահամյանը կամ թեկուզ Հայաստանի իշխող համակարգի որևէ ներկայացուցիչ խոսում է ինովացիոն քաղաքականությունից, ՏՏ ոլորտի զարգացումից և նմանօրինակ ոչ դղյակային իրողություններից, ապա անկեղծ լինելու դեպքում առաջին խոսքը պետք է լինի հրաժարականը՝ կա՛մ պաշտոնից, կա՛մ այն սեփականությունից, որ իրենք, իրենց հարազատները, բարեկամները, խնամիները, ծանոթները, ընկերները մաս առ մաս բաժանել ու տնօրինում են Հայաստանի տնտեսական դաշտում: Որովհետև առանց ՏՏ ոլորտի զարգացման և տնտեսության ինովացման «ճանապարհային քարտեզի» այդ քայլը կատարելու, մյուս քայլերն անհնար են, և անհնար է ոլորտի թռիչքաձև զարգացումը:
Իսկ այդօրինակ զարգացումը Հայաստանի համար հրամայական է, որովհետև աշխարհաքաղաքական նոր իրողությունների և մարտահրավերների պարագայում Հայաստանի համար այլևս չի կարող «չարյաց փոքրագույն» լինել ոլորտի զարգացման ներկայիս տեմպը: Հայաստանին այլևս պետք է ՏՏ ոլորտի թռիչքաձև զարգացում, որովհետև ավելի դանդաղ տեմպի պայմաններում մաշվում է ոլորտի զարգացման Հայաստանի պոտենցիալը:








































